Իրավունք

ՀՀ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելու և տարածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելու և տարածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։ 

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ՝ համակարգչային կեղծիք կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ համակարգչային կեղծիք տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում