Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ստորագրել է հուշագիր՝ Հայաստանում Աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի իրականացման նպատակով
2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Համաշխարհային տնտեսական ֆորումի Նոր տնտեսություն և հասարակություն կենտրոնի և միջազգային հաղորդակցության գործադիր տնօրեն Սաադիա Զահիդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ստորագրել են հուշագիր՝ Հայաստանում Աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի (Armenia Jobs Accelerator) իրականացման նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համատեղ՝ նպատակ ունենալով պետական-մասնավոր համագործակցության միջոցով պիլոտավորել նորարարական ծրագրեր և լուծել զբաղվածության ոլորտի ամենահրատապ խնդիրները։
Armenia Jobs Accelerator նախաձեռնությունը կիրականացվի երկու հիմնական ուղղություններով՝ աջակցելով 18-29 տարեկան երիտասարդների զբաղվածությանը, կանանց ձեռնարկատիրության և աշխատաշուկա ինտեգրման խթանմանը՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել մասնագիտական ուսուցման ծրագրերի, թվային գրագիտության դասընթացների և այլն։
Աքսելերացիոն ծրագրի համանախագահները կլինեն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Microsoft ընկերությունը, ինչպես նաև հայաստանյան և միջազգային ավելի քան 50 կազմակերպություններ՝ բիզնեսի տարբեր ոլորտներից։ Ծրագրի տեղական համակարգող է ընտրվել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի Զբաղվածության 2025–2031 թթ. ռազմավարական ծրագրին՝ խթանելով մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը։