Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում պետք է քայլ առաջ կատարենք. ԵԽ գլխավոր քարտուղար

4 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման բոլոր ջանքերին՝ ընդգծելով, որ այդ հարցում անհրաժեշտ է առաջ ընթացող քայլեր կատարել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում։

Պատասխանելով ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, որ Հայաստանը բախվում է իր տարածքային ամբողջականության խախտման և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի էթնիկ զտումների խնդրին, իսկ Ադրբեջանն ամբողջությամբ վերածվել է մարդու իրավունքները բացառող պետության՝ Ալեն Բերսեն նշել է, որ ինքը, միանշանակ, մտահոգված է տարածաշրջանի իրավիճակով և ապագայով։ 

«Ահա թե ինչու ես այցելեցի այդ տարածաշրջանի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Ես սերտ կապի մեջ եմ այդ պետությունների իշխանությունների, քաղաքացիական հասարակության անդամների հետ։ Այցելելով երկրներ՝ միշտ ակնհայտորեն փորձում եմ այցելել ընդդիմադիր կուսակցություններին, հանդիպել նրանց հետ։ Ես նաև հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ այստեղ։ Ես ուզում եմ հասկանալ և կարողանալ դեր խաղալ այս բարդ իրավիճակում։ Այն, ինչ ես ուզում եմ նշել, գուցե նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն է, որ մենք հիմա պետք է քայլ առաջ կատարենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում։ Ես փորձում եմ աջակցել այս խաղաղության համաձայնագրի կնքման բոլոր ջանքերին»,-նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։ 

Նա հիշեցրել է, որ շաբաթներ առաջ պաշտոնական այցով գտնվել է Հայաստանում, որտեղ, իր խոսքով, բովանդակալից հանդիպումներ է ունեցել տարբեր գործընկերների հետ։ 

«Օրինակ՝ վարչապետ Փաշինյանի հետ ավելի քան երկուսուկես ժամ տևած հանդիպումը հնարավորություն տվեց իսկապես խորանալ այդ բոլոր տարրերի մեջ և տեսնել, թե ինչ կարող ենք անել։ Ես նաև հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ճիշտ նույն տարրերի շուրջ, տեսել եմ նաև տարածաշրջանում պատերազմից հետո առկա հսկայական դժվարությունները»,-ասել է Ալեն Բերսեն։ 

Նա նաև խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին Թուրքիա կատարած այցի մասին՝ անվանելով դա պատմական։ 

«Նախորդ շաբաթ, նախ, տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիևի այցը Թուրքիա, իսկ հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Փաշինյանը շատ պատմական այց կատարեց կրկին Թուրքիա։ Ես հույս ունեմ, որ մենք տարածաշրջանային երկրների կողքին ենք, մենք չենք կարող ստորագրել այն մարդկանց փոխարեն, ովքեր պետք է դա անեն, բայց մենք կարող ենք աջակցել և կարող ենք նաև օգտագործել մեր ազդեցությունն՝ ապահովելու դրա դրական արդյունքը»,-ընդգծել է Ալեն Բերսեն։ 

Նա նաև հավելել է, որ իր՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայկական կողմը բարձրաձայնել է Ստրասբուրգում՝ ԵԽ-ում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացված լինելու անհրաժեշտության մասին։ Բերսեի խոսքով՝ այդ կերպ հնարավոր է օգնել և աջակցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին։ 

Քաղաքականություն

Ալեն Բերսեն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն պաշտոնական այցով Հայաստանում է գտնվել հունիսի 11-12-ը։ Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում