Մոսկվայում ձերբակալվել են մաքսանենգ ճանապարհով ՀՀ ադամանդ ուղարկելու մեջ կասկածվող անձինք. Խաչատուր Սուքիասյանը հերքում է իր առնչությունը
3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության և քննչական կոմիտեի համատեղ գործողությունների արդյունքում Մոսկվայում ձերբակալվել են հանցավոր խմբի չորս անդամներ, որոնք «Ալռոսա» ընկերությունից պարբերաբար հափշտակել են բարձրորակ ալմաստներ՝ դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ուղարկելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնը և ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին։
Հաղորդագրության համաձայն՝ հափշտակության փորձի ժամանակ ձերբակալվել են «Ալռոսա»-ի աշխատակից Վալենտինա Մատյուշչենկովան, նրա որդին՝ միջնորդ Ալեքսեյ Մատյուշչենկովը, ինչպես նաև Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը, որոնք ապահովում էին ալմաստների մաքսանենգ տեղափոխումը։
Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ կազմակերպված հանցախմբի ղեկավարները Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրներն են, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ՝ ալմաստային հումքի մաքսանենգության մեղադրանքով։
Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են շուրջ 200 հազար կարատ տեխնիկական ալմաստային հումք, որը, ըստ հաղորդագրության, նախատեսված էր բարձրարժեք քարերը փոխարինելու նպատակով։
Բացի դրանից՝ առգրավվել են նաև խոշոր չափերի գումարներ և հայտնի բրենդների թանկարժեք ոսկերչական զարդեր։
Քրեական գործը քննվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափերով գողություն) և 191-րդ հոդվածի 5-րդ մասով (թանկարժեք քարերի, մետաղների և դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառություն)։
Հետաքննության տվյալներով՝ հափշտակված ալմաստները Հայաստան էին տեղափոխվում «ԱԴՄ Դայմոնդս» ՍՊԸ-ի միջոցով, որի շահառուն համարվում է հայ գործարար և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Այս տեղեկությունները կտրուկ հերքվել են պատգամավորի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի կողմից։
«Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ:Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։
Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:
Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ՝ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել՝ տեղեկատվական պատերազմ է հայտարարվել։ Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,- գրել է Մկրտչյանը։