Առաջնահերթությունը՝ հանրային տրանսպորտին. Երևանում երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են կատարվել
1 րոպեի ընթերցում

Երևանում երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել՝ հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման նպատակով, ինչի հետևանքով երթևեկությունը որոշ հատվածներում ավելի ծանրաբեռնվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ,մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։
Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։
Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։
Ներկայում քաղաքապետարանը իրականացնում է մշտադիտարկում՝ լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու և երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար»,- գրել է Կոստանյանը։