4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
21 հունիս, 2025
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին Գյումրու երկաթուղային կայարանում՝ Առողջապահության նախարարության և «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ Բուժաշխատողի օրվա շրջանակում, պետական մակարդակով և մեծ հանդիսությամբ կանցկացվի «Շնորհակալությո՜ւն, բժիշկ» խորագրով միջոցառում։ Տոնական միջոցառումները կմեկնարկեն Գյումրու երկաթուղային կայարանում, ուր կժամանի Առողջապահության նախարարին և հյուրերին Երևանից Գյումրի տեղափոխող հատուկ չվերթով եկած գնացքը: Քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն մշակութային և մարզական մի շարք միջոցառումներ։ Այնուհետև Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում կկազմակերպվեն սեղանի խաղեր, իսկ ամբողջ օրվա ընթացքում հյուրերն ազատ մուտք կունենան Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ։ Միջոցառման հիմնական մասը կկայանա Վարդանանց հրապարակում՝ ժամը 17:00-20:00-ը։ Այդ ընթացքում տեղի կունենա «Շնորհակալությո՜ւն, բժիշկ» մրցանակաբաշխությունը և հատուկ պարգևների կարժանանան առողջապահության ոլորտում մեծ ներդրում ունեցած մասնագետները։ Միջոցառումը կուղեկցվի Գյումրու պետական նվագախմբի կատարումներով, իսկ երեկոն կեզրափակվի «Ռեինկարնացիա» խմբի համերգով։ Հանդիսությանը ներկա կլինեն ՀՀ առողջապահության նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև՝ պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, ոլորտի առաջատար մասնագետներ, բժիշկներ և մշակութային գործիչներ։ Առողջ.նախ, 077051999։
Ժամը 10:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ Նովա 19) կմեկնարկի Հայաստանի կոդ հանդիսացող .am և հայատառ .հայ դոմենների զարգացման հարցերին նվիրված «Ռեգիտոն-2025» համաժողովը՝ «Հզորացնելով .am և .հայ տիրույթները» խորագրով։ «Ռեգիտոն2025»-ը նպատակ ունի խթանել համագործակցությունը հայկական տիրույթների ռեգիստրարների, ՏՏ համայնքի և միջազգային գործընկերների միջև՝ նպաստելով թվային միջավայրի անվտանգությանը և նորարարական զարգացումներին։ Ամենամյա այս համաժողովը կազմակերպում են «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ները՝ միջազգային «Ինտերնետ հանրություն հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ, հեռ՝ 077377611:
Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո կբացվի «Հայերը Երկրորդ աշխարհամարտում. հաղթանակ-80» խորագրով պաստառային ցուցադրությունը՝ նվիրված նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին։ Ցուցադրվելու է տասը պաստառ՝ որոնցում տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանում պահվող 31 խորհրդային շրջանի պաստառների լուսապատճենները։ Ցուցադրության բացման շրջանակում բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։ 055 520691:
Ժամը 17:00-ից «Երազ» այգում (Թբիլիսյան խճուղի, 1/8) կանցկացվի ամառային 5-րդ գրքատոնը՝ Newmag Summerfest 2025-ը: Երկօրյա բացօթյա միջոցառումը նախատեսված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Այս տարի առաջին անգամ Kids fest-ը՝ «Երազի գիրք» մանկական փառատոնը միանում է Newmag Summerfest-ին։ Երկու օրերին Newmag-ի ու Yeraz Projects-ի մանկական գրքի փառատոնը կանցկացվի 17:00-19:00-ը, իսկ փառատոնի 2-րդ հատվածը՝ մեծահասակների համար նախատեսված գրքի փառատոնը, կսկսվի 19:00-ին ու կտևի մինչև ուշ գիշեր: