Հայաստանը երբեք այնքան պատրաստված չի եղել միջազգային և տարածաշրջանային իրադարձություններին, որքան այսօր․ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում վստահեցրեց, որ ներկայում Հայաստանը միջազգային և տարածաշրջանային իրավիճակներին դիմագրավելու հարցում առավել պատրաստ է, քան երբևէ։
«Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային իրադարձություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, որքան պատրաստված է այսօր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց վարչապետը։
Վարչապետն այդ ամենի ամենակարևոր արտահայտությունն է համարում բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքը։
«Այո, խաղաղության գործընթացի դինամիկան Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացը, և, այո, մեր միջազգային հեղինակության աննախադեպ բարձրացումը», – եզրափակեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց նաև, որ տարածվում են կեղծ լուրեր այն մասին, թե Հայաստանի երկնքով բալիստիկ հրթիռներ են անցնում, սակայն իրականությունը բոլորովին այլ է։
«Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի անցնում, ընդհակառակը՝ Հայաստանի վրայով անցնում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն անցել», – ընդգծեց նա։