Քաղաքականություն

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

3 րոպեի ընթերցում

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր վտանգներին, և դրա վերաբերյալ անվտանգության խորհրդի նիստեր հրավիրելու վերաբերյալ հարցին։  

Վարչապետի խոսքով՝ Անվտանգության խորհրդի նիստ պարբերաբար է հրավիրում, և, օրինակ, վերջին երեք շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում երևի չորս, հինգ, վեց անգամ հրավիրվել են, բայց հաղորդագրություններ չեն լինում։

«Այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված  և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար»,-ասել է վարչապետը։

Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։ 

«Ինչպես ասել եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասել է վարչապետը։ 

Անդրադառնալով դիտարկմանը՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունքի գյուղերի վրա և չի արձագանքել խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հետ կապված՝ վարչապետ Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու խաղաղության օրակարգին և շարունակում է խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ ու փորձում է ստեղծել այն միջավայրն ու պայմանները, որ դա հնարավոր լինի: 

«Այո՛, ՀՀ շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ-ի համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել: Հիմա ՀՀ-ն սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ ունի»,-նշել է վարչապետը: 

Անդրադարձ կատարելով Բաքվում պահվող գերիների հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գերիների և ընդհանրապես բոլոր հարցերով աշխատանք է կատարվում ամենօրյա ռեժիմով՝ նայած՝ այդ օրն ինչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ են ի հայտ գալիս, և այդ բոլոր հարցերը չեն կարող օրակարգից դուրս լինել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում