Ադրբեջան

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի

2 րոպեի ընթերցում

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ, ցավակցություն հայտնել Իրանին՝ Գլխավոր շտաբի պետի, մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև նշել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և ընդգծել է առկա խնդիրները միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում՝ երկխոսության և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու կարևորությունը։ 

«Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի վրա հարձակումների համար»,-հավելել է Բայրամովը։ 

Վերջինս նաև ընդգծել է, որ Իրանի օդային տարածքի փակման պատճառով Ադրբեջանը պայմաններ է ստեղծել տարբեր երկրների և Իրանի ներկայացուցիչների՝ ցամաքային սահմանը հատելու համար։ 

Կողմերը նշել են դիվանագիտական ​​ջանքերի վերսկսման կարևորությունը՝ հաշվի առնելով հակամարտության՝ ավելի լայն տարածաշրջան տարածման վտանգը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում