ԱՄՆ-ն իր անձնակազմի մի մասը դուրս է բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանի հետ լարվածության աճի ֆոնին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան անձնակազմը դուրս է բերվում Մերձավոր Արևելքից, որովհետև դա «կարող է վտանգավոր վայր լինել»։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Նրանց դուրս են բերում, քանի որ դա կարող է վտանգավոր վայր լինել։ Կտեսնենք, թե ինչ կլինի, - ասել է Թրամփը լրագրողներին: - Մենք ծանուցում ենք տվել, որ դուրս գան»։
ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք ինչ-որ բան կարելի է անել տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։
«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Շատ պարզ է, նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - ասել է Թրամփը:
Հունիսի 11-ին հրապարակումներ էին եղել այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մասնակի տարհանել Իրաքի դեսպանատան իր աշխատակիցներին և թույլ կտա, որ զինվորական անձնակազմի ընտանիքների անդամները հեռանան Մերձավոր Արևելքից՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Պետքարտուղարությունը նաև թույլատրել է կամավոր մեկնումներ Բահրեյնից և Քուվեյթից։
Իսկ հունիսի 11-ի երեկոյան Պետքարտուղարությունը թարմացրել է արտերկիր ուղևորությունների վերաբերյալ իր խորհուրդները։
«Հունիսի 11-ին Պետքարտուղարությունը ԱՄՆ կառավարության՝ ոչ կենսական նշանակություն ունեցող անձնակազմին հրահանգել է հեռանալ՝ տարածաշրջանային մեծ լարվածության պատճառով», - նշված է փաստաթղթում։
Անձնակազմի մի մասին տարհանելու՝ ԱՄՆ-ի այս որոշումը կայացվում է ամերիկա-իրանական բանակցությունների ֆոնին, որոնք, կարծես, հայտնվել են փակուղու առջև։ Reuters-ը նշում է, որ ըստ ամերիկյան հետախուզության՝ Իսրայելը նախապատրաստական աշխատանքներ է կատարում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար։
Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարը հունիսի 11-ին հայտարարել էր, որ եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին։