Մշակույթ

«Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ միջոցառումն անցկացվել է Մատենադարանում

2 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ միջոցառումն անցկացվել է Մատենադարանում

«Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ միջոցառման շրջանակում Տավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունը կանգ է առել Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամի։

«Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում են միջնադարյան գրչության և մանրանկարչության բացառիկ օրինակներ։ 

Տեղեկատվական-ճանաչողական այցի ամենասիրված մասը դարձավ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստ և արվեստ» լաբորատոր ցուցասրահը։ Այստեղ երեխաները տեսան, թե ինչպես են միջնադարում բնական հումքից ստացվել գունանյութեր՝ ոչ միայն ձեռագրերը նկարազարդելու, այլև տարբեր արհեստների մեջ օգտագործելու համար։ Փոքրիկների համար սա եղավ արվեստի և գիտության հետաքրքրաշարժ համադրությամբ մի փորձառություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ ծրագրի նպատակն է արվեստի հանդեպ մեծ սեր ունեցող այն երեխաներին, ովքեր ապրում են հեռավոր համայնքներում և հասանելիության բացակայության պատճառով հաճախ զրկված են լինում օպերա, բալետ, թատրոն և այլ մշակութային միջոցառումներ այցելելու հնարավորությունից, ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում