Մարզեր

Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի պատվիրակությունն այցելել է Սևան համայնք

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի պատվիրակությունն այցելել է Սևան համայնք

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 2-3-ը տեղի է ունեցել  Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի և Սևան համայնքի պատվիրակությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովին հաջորդել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի պատվիրակության այցը Սևան համայնք։ Ֆրանսիական պատվիրակությունը գլխավորել է քաղաքապետ Էրիկ Պիոլը։

Գրենոբլի պատվիրակությանը հյուրընկալել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Կողմերը բարեկակական ու արդյունավետ են գնահատել 21-ամյա համագործակցությունը, նշել տեսանելի ձեռքբերումները առողջապահության, տուրիզմի և ֆրանկոֆոնիայի ոլորտներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության կենսունակությանն ու շարունակականությանն առնչվող ոլորտներին՝ առողջապահություն, զբոսաշրջություն, ֆրանսերենի տարածում, վերականգնվող էներգետիկա, որոնք ներառվելու են նաև երկու քաղաքների հեռանկարային ծրագրերում: 

Սևան համայնքի ղեկավարն անդրադարձել է համայնքում կառուցվող երաժշտական դպրոցի նոր շենքին՝ շեշտելով, որ այն իրողություն է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով՝ ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանի հովանավորությամբ։ «Երաժշտական նորակառույց դպրոցի նոր կահավորված լսարանն էլ, որը Գրենոբլի աջակցությամբ է իրողություն դարձել, միշտ հիշեցնելու է մեր բարեկամ Գրենոբլի ներկայությունը ոչ միայն երաժշտական դպրոցի այդ անկյունում, այլ նաև համայնքում»,-հավելել է Սարգիս Մուրադյանը: 

Քաղաքապետ Պիոլը նշել է, որ հայ-ֆրանսիական հաջորդ համաժողովը կայանալու է 2028 թվականին Գրենոբլ քաղաքում, որը ևս մեկ ազդակ է համագործակցության ամրապնդման համար:

Հանդիպման ավարտին հայ և ֆրանսիացի բարեկամները փոխանակվել են հուշանվերներով:

Գրենոբլ քաղաքի պատվիրակությունն այցելել է համայնքի այն բնակավայրեր, հաստատություններ և կառույցներ, որտեղ իրենց քաղաքապետարանի աջակցությամբ և օժանդակությամբ իրականացվել են ոլորտային մի շարք ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում