Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները բոլոր ոլորտներում էլ ավելի կզարգանան․ դեսպան Լի Սինվեյ

4 րոպեի ընթերցում

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյը կարևորել է հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների հետագա խորացումը և վստահ է, որ առաջիկայում համագործակցությունը կզարգանա տարբեր ուղղություններով ու մակարդակներով։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չինաստանի դեսպանն ընդգծել է, որ հայ-չինական հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքի վրա՝ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը և մշակութային տարբերություններին։ 

Անդրադառնալով Երևանի ու Պեկինի միջև առկա հարաբերությունների ներկա մակարդակին՝ դեսպան Սինվեյը նկատել է, որ երկու երկրների ու ազգերի միջև ընդհանուր կետերն ու հայացքներն ամուր են։ 

«Չնայած մեր երկու երկրներն ունեն մշակութային տարբերություններ և մեծ աշխարհագրական հեռավորություն, այնուամենայնիվ, ընդհանուր կետերն ու եզրերը բավականին շատ են։ Երկու երկրներն էլ ունեն հին ու հարուստ պատմություն, հարուստ մշակույթ, բարդ լեզուներ և խաղաղության ձգտում։ Երկու երկրների կառավարություններն էլ նպատակ ունեն շարունակաբար բարելավել իրենց քաղաքացիների կյանքը։ Սա մեր ընդհանուր նպատակը կարող է լինել, և վստահ եմ՝ դրա հիման վրա կկարողանանք կառուցել արդյունավետ համագործակցություն»,- ասել է դեսպան Սինվեյը։ 

Նա շեշտել է, որ արդեն իսկ գործարկված Երևան–Ուրումչի ուղիղ չվերթը զգալիորեն նպաստելու է երկկողմ կապերի ակտիվացմանը։ Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին փոխգործակցությունն ակտիվացել է օրենսդիր մարմինների, քաղաքական կուսակցությունների, կրթության, գիտության, առևտրի և տնտեսության ոլորտներում։

«Սա շատ ամուր հիմք է մեր հետագա հարաբերությունների զարգացման համար, և պետք է աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունն էլ ավելի խորացնենք»,- հավելել է նա։

Դեսպան Սինվեյը հիշեցրել է, որ վերջերս Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած շփումներն, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի և Մոսկվայում անցկացված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումների շրջանակում, նույնպես նոր թափ են հաղորդում հարաբերություններին։ 

Լի Սինվեյն, անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին, նշել է, որ չնայած առևտրաշրջանառության դեռևս համեստ ծավալներին՝ առկա է երկկողմ գործընկերության մեծ ներուժ։  

«Հեռանկարային են, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տնտեսության և այլ ոլորտները։ Հայաստանում տեսնում եմ չինական էլեկտրական մեքենաներ և հեռախոսներ, ինչը շատ ոգևորիչ է։ Գիտեմ, որ Հայաստանը մշակում է Ակադեմիական քաղաքի կառուցման նախագիծը, ինչպես նաև նախատեսում է ստեղծել չոր նավահանգիստ Գյումրիում։ Այս ոլորտներում Չինաստանն ունի հարուստ փորձ, և ես կարծում եմ, որ ապագայում կունենանք համագործակցություն նաև այս ուղղությամբ»,- շեշտել է դեսպանը։ 

Դեսպանն անդրադարձ է կատարել նաև կրթական և մշակութային կապերին՝ նշելով, որ մեծապես ոգևորված է հայ երիտասարդների շրջանում չինարեն լեզվի և Չինաստանում կրթություն ստանալու հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությամբ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել ժողովուրդների, հատկապես երիտասարդների միջև փոխանակումներին։ 

«Պատրաստ եմ նպաստել երիտասարդների միջև փոխանակումներին և ակտիվ շփմանը։ Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները տարբեր ոլորտներում ու տարբեր մակարդակներով էլ ավելի կզարգանան։ Ես անձամբ պատրաստ եմ ունենալ իմ ներդրումն այդ գործում»,- եզրափակել է Չինաստանի դեսպանը։

Հայերեն English Français Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին