Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն լարվածությունը մեծացնելուց և շարժվեն դեպի խաղաղության հաստատում. Իրանի ԱԳ փոխնախարար

5 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն լարվածությունը մեծացնելուց և շարժվեն դեպի խաղաղության հաստատում. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պետք է խուսափեն լարվածությունն ավելի մեծացնելուց և գնան դեպի խաղաղության հաստատում: Նա նաև վերահաստատել է խաղաղության գործընթացին աջակցելու Թեհրանի պատրաստակամությունը:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի դիվանագետը հայտարարել է «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, և դրանում Իրանի հնարավոր դերակատարությանը:

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ Հարավային Կովկասը պատերազմների և ընդհարումների արդյունքում շատ խորը վերքեր է ունեցել և հենց այդ կապակցությամբ Իրանը ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի: 

‹‹Անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Խաղաղությունն այսօր ընտրության հարց չէ, այլ անհրաժեշտության հարց է, և այդ նպատակին պետք է հասնել շատ արագ: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք, որոնք այս բազմաթիվ պատերազմների և ընդհարումների ընթացքում իսկապես մեծ վնասներ են կրել, ուստի Իրանն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նախագծեր իրականացնելու առումով կողմ է, որ այդ համաձայնությունը հնարավորինս շուտ իրականացվի››,-ընդգծել է Իրանի ԱԳ փոխնախարարը:

Վերջինս նկատել է, որ Իրանը հնարավորությունների շրջանակներում  միջնորդի դեր է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում: Նա հավելել է, որ Իրանն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ այդ գործառույթն իրականացրել է: 

‹‹Կարևորագույն նպատակն ու պարտավորությունը, որ մենք հիմա ստանձնել ենք այն է, որ երկու կողմերի մոտեցումները հնարավորինս համապատասխանեցնենք միմյանց: Եվ մեր ողջ ջանքերը կներդնենք, որպեսզի այդ լարվածությունը ոչ թե ավելանա, այլ նվազման միտում ունենա: Եթե դրանից ավելին անհրաժեշտ լինի որպես միջնորդ, ապա հանդես կգանք››,-վստահեցրել է Խաթիբզադեն:

Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներին՝ հատկապես տարածքային նկրտումների տեսքով՝ Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ անհրաժեշտ է թյուրըմբռնումները մի կողմ թողնել:

‹‹Հիմա կողմերը պետք է խուսափեն լարվածությունը ավելի մեծացնելուց և պետք է գնան դեպի խաղաղության հաստատում: Դուք գիտեք, որ Իրանը երկու երկրների հետ ունի կայուն սահմաններ և բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի խուսափենք նման լարվածություններից: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն, ապա դուք շատ լավ գիտեք Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության վերաբերյալ: Կարծում եմ, որ տարածաշրջանի բոլոր երկրների կողմից սա ընկալվել է, և նրանք պետք է մտնեն նոր տիրույթ՝ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար››,-ասել է իրանցի պաշտոնյան:

Խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Հայաստանի նախաձեռնած ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախագծի հնարավորությունների և դերի մասին՝ Սայիդ Խաթիբզադեն շեշտել է, որ Թեհրանն այդ նախագիծը շատ է կարևորում:

‹‹Նախ, տարածաշրջանը պետք է հեռու մնա ցանկացած աշխարհաքաղաքական մրցակցությունից՝ հատկապես տարածաշրջանից դուրս գտնվող մրցակցությունից: Տարածաշրջանի երկրներն այդ մրցակցության հետևանքով տարածաշրջանից դուրս գտնվող գերտերությունների զոհերն են դառնում: Նման մրցակցությունից խուսափելու համար պետք է հենց տարածաշրջանի երկրների միջև համագործակցություն ձևավորվի, ուստի ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախագիծը ճիշտ է, և Իրանը ողջունում է ցանկացած նախագիծ, որը չի խախտում աշխարհաքաղաքականությունը: Ընդունելի չէ, որ տարածաշրջանի աշխարհագրությունը փոփոխության ենթարկվի››,-նշել է Իրանի ԱԳ փոխնախարարը՝ այս համատեքստում վկայակոչելով 3+3 տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակի կարևորությունը:

 

                               

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում