Մերձավոր Արևելք

Գազայում ավելի քան 50 մարդ է զոհվել դպրոցի և բնակելի շրջանի ռմբակոծության հետևանքով

2 րոպեի ընթերցում

Գազայում ավելի քան 50 մարդ է զոհվել դպրոցի և բնակելի շրջանի ռմբակոծության հետևանքով

Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ըստ տեղական բժշկական աղբյուրների՝ մայիսի 26-ի  լուսաբացից ի վեր զոհվել է 55 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

36 մարդ զոհվել է, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի ալ-Դարաջ թաղամասում գտնվող դպրոցը, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք։

19 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանի բնակելի շինության վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով։ 

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում հարված է հասցվել ավելի քան 200 թիրախի։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է Գազա քաղաքի դպրոցին հասցված հարվածի մասին՝ նշելով, որ շենքում գործում էր ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական կենտրոն։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում ընթացող ռազմական գործողությունները բնութագրել է «դժվար» և ընդունել, որ բախվում է մարտահրավերների։ 

«Մենք գտնվում ենք դժվարին մարտի գագաթնակետին, որում կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք պատանդներին», - նշել  է նա։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 939 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 797-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում