Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «խելագարվել է»՝ Ուկրաինայի վրա ՌԴ-ի զանգվածային հարվածներից հետո
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լիովին խելագարվել է»։ Այս հայտարարությանը նախորդել էին Ռուսաստանի զանգվածային հարվածներն Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը Պուտինին քննադատել է իր Truth Social հարթակում։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լիովին խելագարվել է: Նա անտեղի սպանում է բազմաթիվ մարդկանց , և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածում են Ուկրաինայի քաղաքներին՝ առանց որևէ պատճառի։ Ես միշտ ասել եմ, որ նա ցանկանում է ԱՄԲՈՂՋ Ուկրաինան, ոչ միայն դրա մի մասը, և գուցե դա ճիշտ է, բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը», - գրել է Թրամփը:
Նույն գրառման մեջ ԱՄՆ նախագահը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որը մայիսի 25-ի առավոտյան հայտարարել էր, որ «Ամերիկայի լռությունը» և մյուսների լռությունը խրախուսում է Պուտինին շարունակել իր հարձակումները։
«Նմանապես, նախագահ Զելենսկին իր երկրին լավություն չի անում՝ խոսելով այնպես, ինչպես խոսում է։ Նրա բերանից դուրս եկած ամեն բան խնդիր է առաջացնում. դա ինձ դուր չի գալիս, և լավ կլինի, որ դադարի», - հավելել է Թրամփը։
Իր հերթին, CNN-ը հաղորդում է, որ Truth Social հարթակում գրառումից ժամեր առաջ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ գոհ չէ Պուտինից։
«Ինձ չի գոհացնում այն, ինչ անում է Պուտինը։ Նա շատ մարդկանց է սպանում, և ես չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինի հետ», - հայտարարել է նա։
ԱՄՆ նախագահը նաև լրագրողներին ասել է, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ լույս մայիսի 25-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 367 տարբեր տեսակի հրթիռներ և ԱԹՍ-ներ։ Երկրում զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսկ մայիսի լույս 24-ի գիշերը Ռուսաստանը հարվածել էր Կիևին և Ուկրաինայի այլ շրջաններին։ Զոհվել էր 1 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ երկրի վրա է արձակվել 15 բալիստիկ հրթիռ և 250 ԱԹՍ, որոնցից 245-ը խոցվել են։