Հայաստան

Մարմարիկ գետում հայտնաբերվել է մայիսի 4-ից անհետացած 2-ամյա երեխայի դին

2 րոպեի ընթերցում

Մարմարիկ գետում հայտնաբերվել է մայիսի 4-ից անհետացած 2-ամյա երեխայի դին

ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ին հարակից կամրջի մոտակայքում, մայիսի 24-ին ժամը 10:40-ի սահմաններում հայտնաբերել են 2-ամյա երեխայի դին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,– գրել է Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման մասին ահազանգը ՆԳ նախարարությունը ստացել էր մայիսի 4-ին ժամը 11։52-ին։ Ըստ նախնական տվյալների՝ փոքրիկը դուրս էր եկել տանից Մարմարիկ բնակավայրում և չէր վերադարձել։

Միջադեպի կապակցությամբ մայիսի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության և փրկարար ծառայության մեծաթիվ խմբեր, կիրառում էին նաև տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչու սարքեր և ջրասուզակների խումբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում