7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
22 մայիս, 2025
ՀՀ կառավարություն
Ժամը 11։00-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ կառավարության նիստը
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում (ք.Գյումրի, Վ.Սարգսյան փող. 5) տեղի կունենա հայ-չինական համագործակցության շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման հանդիսավոր արարղությունը: Միջոցառման ժամանակ կներկայացվեն սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի հնարավորությունները: ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ու Չինաստանի երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև կստորագրվի երկրաշարժագիտության, երկրաշարժերի մշտադիտարկման և սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման ոլորտներում համագործակցության հուշագիր։ Կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմ երկու կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ: Նույն օրը կկայանա արտագնա նիստ նոր կառուցված Բյուրական սեյսմաերկրադինամիկական կայանում, որի ժամանակ կներկայացվեն տեղադրված բարձր ճշտության սարքերի հնարավորությունները: Մայիսի 23-ին չինական պատվիրակությունը կհյուրընկալվի Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ կստորագրվի գիտատեխնիկական համագործակցության ոլորտում համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի երկարշարժերի վարչության միջև։ Համագործակցության շրջանակում կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման ու ռիսկի նվազեցմանն ուղղված նախագծեր:
Ժամը 13:50-ին ՊԵԿ վարչական շենքում /Խորենացի 7/ կկայանա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ ՊԵԿ նախագահը կամփոփի Կոմիտեի 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և կներկայացնի առաջիկա անելիքները։ Պարտադիր ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Ժամը 15:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դաահլիճում կկայանա ավստրիացի հետազոտող, լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև գրքի հեղինակը: Գիրքը ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելությունը։ Բացի Սողոմոն Թեհլիրյանից, հեղինակը ներկայացնում է նաև մյուս վրիժառուների ճակատագրերը՝ արդարության հասնելու ճանապարհին։ +374 10 39 09 81:
Ժամը 15:30-ին Մատենադարանում կբացվի ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրամաս։ Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև հայկական հումքից։ Ի նշանավորումն մեկնարկող ծրագրի՝ ստորագրվել է հուշագիր՝ Մատենադարանի ու «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի միջև, որի շրջանակում իրականացվել է մինչև 100 ծառի ծառատունկ։ Միջոցառմանը ելույթ կունենան. Մատենադարանի տնօրեն (բացման խոսք և շնորհակալագրերի հանձնում) Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, ներկայացուցիչ ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4CULTURE ծրագրից և Գյոթե Ինստիտուտից, «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը: Տեղի կունենա արտադրամասի բացումը, շրջայց և թղթի պատրաստման գործընթացի ներկայացում։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին Առնո Բաբջանյան համերգասրահում (Աբովյան 2) տեղի կունենա Խաղաղության կորպուսի 18 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Երդման արարողությունը կվարեն ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ՛րոարքը։
Մամուլի ակումբներ
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Սիմֆոնիկ «Կինո»» համերգի նախօրեին: Մայիսի 25-ին Վիկտոր Ցոյի երևանյան երկրպագուներին անմոռանալի իրադարձություն է սպասվում. «Կինո» խմբի հնչողության իրական խորհրդանիշ համարվող լեգենդար կիթառահար Յուրի Գասպարյանը բեմ կբարձրանա Հայաստանի ազգային նվագախմբի հետ՝ կատարելու Վիկտոր Ցոյի գլխավոր հիթերը: «Սիմֆոնիկ «Կինո»» նախագիծը նոր տեսանկյունից է բացահայտում հայտնի երգերը: Վիկտոր Ցոյի որդու՝ Ալեքսանդր Ցոյի ստեղծած հատուկ տեսաշարը համերգն իսկապես զգացմունքային է դարձնում: Կայանալիք համերգի բոլոր մանրամասներին կծանոթացնեն. համերգի կազմակերպիչ Սերգեյ Ցելիկովը, ռոք երաժիշտ Արմեն «Ցոյ» Սարգսյանը։
Մշակույթ
Ժամը 14:00-ին Ազգային գրադարանում տեղի կունենա «Վարպետը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը. ֆիլմում բանաստեղծն ինքն է պատմում իր մասին։ Հայաստանի ազգային գրադարանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ, միջթանգարանային համագործակցության շրջանակում կազմակերպում է «Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ» խորագրով միջոցառում։ Միջոցառմանը ելույթ կունենան ՀԱԳ տնօրեն ԱՆնա Չուլյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը, Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, բանասեր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը և այլք։ Ցուցադրությունը կներկայացնի ՀԱԳ գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը։ 033 62 35 13:
Ժամը 17:00-ին Փարաջանովի թանգարանում կկայանա «Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում» գրքի շնորհանդեսը: Նոր հրատարակված գիրքը Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առիթով ստեղծված ժողովածու է, որը ներառում է Փարաջանովի ընկերների, մտերիմների հուշերը, հարցազրույցներ և էսսեներ պոետիկ կինոյի մեծ ռեժիսորի մասին։ Ժողովածուի կազմողը, թարգմանիչն ու հարցազրույցների հեղինակը հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանն է: Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը: