Քաղաքականություն

Հայաստանն ու Կիպրոսը կիսում են նույն արժեքներն ու սկզբունքները. Անիտա Դիմիտրիու

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Կիպրոսը կիսում են նույն արժեքներն ու սկզբունքները. Անիտա Դիմիտրիու

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն վերահաստատեց հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և պատրաստակամությունը՝ դրանք էլ ավելի խորացնելու։ 

«Այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ անգամ ապացույց է մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների մասին, և այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Հայաստանը մեր սրտում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Կիպրոսի խորհրդարանի նախագահը։ 

Անիտա Դիմիտրիուն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում իրականացվող հանդիպումներին ու այցերին՝ հատկապես նշելով Արագածոտնի մարզ կատարած այցի տպավորիչ և հուզիչ պահերը, որտեղ պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։

«Մենք կիսում ենք նույն արժեքները, նույն սկզբունքները և տարիներ շարունակ պայքարում ենք նույն արդարության համար։ Այցի շրջանակում տեսանք մարդկանց, որոնք նորովի են փորձում կառուցել իրենց կյանքը։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել վերականգնման այդ ճանապարհին», – ասաց Դիմիտրիուն։ 

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց նաև եռակողմ ձևաչափով՝ Կիպրոս–Հունաստան–Հայաստան համագործակցությունը, նշելով, որ այն պետք է շարունակի խորանալ։ 

Նա ընդգծեց նաև միջազգային կառույցների կողմից հավասար և անկողմնակալ մոտեցման անհրաժեշտությունը։ 

«Եվրոպան և միջազգային կառույցները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով։ Մենք պետք է չմոռանանք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Պետք է ունենանք հստակ արձագանք՝ հիմնված արդարության վրա»,- ասաց Դիմիտրիուն։ 

ԱԺ նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների շուրջ առկա մտահոգությունները։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում