7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
17 մայիս, 2025
Պետական կառույցներ
Ժամը 14:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Տիգրան Մակարյանի «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈՒԼԱԳ» հուշագրության շնորհանդեսը (ՀՑԹԻ հրատարակություն, 2024)։ Տիգրան Մակարյանն անցել է Դեր Զորի և ԳՈՒԼԱԳ-ի համակենտրոնացման ճամբարներով, վերապրել է երիտթուրքական ցեղասպանությունը և ստալինյան բռնաճնշումները։ 1920-ական թթ. առաջին կեսին Գերմանիայում ինժեների մասնագիտությունը յուրացնելուց հետո ներգաղթել է Խորհրդային Հայաստան, մասնակցել է մեր երկրում էներգետիկայի հիմնադրման ու զարգացման աշխատանքներին։ Ստալինյան բանտարկությունից ու աքսորից հետո վերադարձել է հայրենիք, հասել իր հանդեպ անարդար դատավճիռների չեղարկմանը, վերականգնվել աշխատանքում և նոր նվաճումներ արձանագրել մասնագիտական գործունեության մեջ։ Տիգրան Մակարյանի թոռնուհին է անվանի հայ էստրադային երգչուհի Էլվինա Մակարյանը։ +374 10 39 09 81:
Ժամը 15:00-ից Թանգարանների միջազգային օրը Խ.Աբովյանի տուն-թանգարանը հանդես է գալու միջոցառումների հատուկ ծրագրով։ Ծրագրի հատուկ հյուրերն են՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայերենի դասերին մասնակցող հայրենադարձները։ Ծրագրում՝ մայիսի 17-ին, 15:00-ից՝ հանդիպում թանգարանի այգում, շրջայց Քանաքեռի եկեղեցիներում, էքսկուրսիա թանգարանում, տոհմատանը (18-րդ դար), ընթերցումներ Խ.Աբովյանի «Դորպատյան օրագրերից», որտեղ
խոսում է պարահանդեսի, վալսի մասին, պարահանդես, վալսի վարպետաց դաս։ Մայիսի 18-ին, ժամը 13:00-ից՝ հանդիպում թանգարանում, էքսկուրիա ցուցասրահում, էքսկուրսիա տոհմատանը, հայկական տարազի շնորհանդես, տիկնիկներով բեմադրություն Աբովյանի առակներից, հայկական պարի վարպետաց դաս («Արմենիա» պարային համույթ»), փոխինձի պատրաստում, սուրճ:
Ժամը 17:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում կայցելի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Տուն-թանգարանում տեղի կունենա «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին: Թանգարանում շրջայցը կիրականացնեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողները: Թանգարանի հուշային այգում ժամը 17:30-ին նախատեսվում է համերգային ծրագիր՝ «Հնար» արվեստի դպորցի սաների մասնակցությամբ: ՀՀ ԿԳՄՍՆ
Ժամը 18:00-ից Մատենադարանում «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում կազմակերպվող միջոցառումները՝ 18:00-24:00 - մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, 18:00-19:00 - «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն, 19:00-20:00 - «Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» խորագրով դասախոսություն (բանախոսներ՝ Մատենադարանի ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյան և Արտավազդ Այվազյան), 20:00-20:30 - «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտների օտարալեզու երգերի կատարումներով համերգային ծրագիր՝ նվիրված Մատենադարանի այլալեզու ձեռագրերին, 21:00-22:00 - «Գիտության և հավատի միջև. Տան Սուրբը» ցուցադրության բացման արարողություն: Նշենք նաև, որ Մատենադարանը մասնակցելու է մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվան։
Ժամը 20:00-ից Հայաստանի պատմության թանգարանում «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը կրող Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանների գիշեր միջոցառումների շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է հետևյալ միջոցառումները. մայիսի 17-ին, ժամը 20։00-ին, համերգային ծրագրով հանդես կգա «Կայթ» նվագախումբը։ Երեկոյի ընթացքում կհնչեն պատմական Հայաստանի տարբեր գավառներից պահպանված երգեր՝ նոր մշակումներով: Մայիսի 17-ին, ժամը 21։00-ին, թանգարանում կվերաբացվի «Պետականության վերականգնման ուղիներով. 15-18-րդ դարեր» խորագրով մշտական ցուցադրությունը։ Մայիսի 17-ին և 18-ին, ժամը 11-ից, թանգարանում կանցկացվեն տարբեր բարբառներով շրջայցներ՝ «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով» խորագրի ներքո։ 055 520691:
Ժամը 21:00-ին Երեւանի պատմության թանգարանում կկայանա «Քաղաքային մեղեդիներ. Երեւանի երաժշտական փոխակերպումները» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանների գիշերը ծրագրի շրջանակում: Ելույթով հանդես կգան Ալ.Սպենդիարյանի եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների սաները:
Մշակույթ
Ժամը 13:00-ին Երևանում Մոսկվայի տան կինոհամերգային դահլիճում (Արգիշտի փողոց 7, 3-րդ հարկ) կանցկացվի Ռուսական ժողովրդական պարերի փառատոն: Միջոցառումը կազմակերպել է Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանի մանկապատանեկան խմբեր, որոնք կներկայացնեն ոչ միայն ռուս, այլև հայ ժողովրդի պարարվեստի նմուշներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է հայտնի պարուսույց, բազմաթիվ պարային փառատոների կազմակերպիչ Արթուր Զաքարյանը: 091 366639:
Ժամը 14:00-ին Ճարտարապետների պալատում (Բաղրամյան 17) Ճարտարապետների պալատին կից Ճարտարապետության և արվեստի ստուդիան կազմակերպում է 6-18 տարեկան երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես: 091745661, 010582571:
Ժամը 15:00-ին Երևանի օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող «Արարատ» թենիսի մարզական ակումբում ավարտին է մոտենում «TENNIS EUROPE JUNIORS TOUR U12 ROSA PRUDNIKOVA CUP» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան քառասուն պրոֆեսիոնալներ ԱՄՆ-ից, Թունիսից, Հունաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից: Մրցաշարը համարվում է 2-րդ կատեգորիայի մրցաշար և մարզիկների միջև պայքար է ընթանում միջազգային վարկանիշների համար: Ժամը 15:00-ին Եվրապայի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո տեղի կունենա մրցաշարի արդյունքների ամփոփման՝ մեդալների և գավաթների բաշխման արարողությունը: «Արարատ» թենիսի մարզական ակումբ: