Թուրքիա

Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ հետևելու ՌԴ-Ուկրաինա բանակցությունների ընթացքին

2 րոպեի ընթերցում

Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ հետևելու ՌԴ-Ուկրաինա բանակցությունների ընթացքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելոգը ծրագրում են մայիսի 15-ին այցելել Թուրքիա, որտեղ սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Անկախ նրանից, թե Թրամփը կորոշի մասնակցել թե ոչ, Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծրագրում են մեկնել Ստամբուլ՝ բանակցություններին», - ասվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Քելոգն ու Ուիթքոֆն ուղղակիորեն չեն մասնակցի բանակցություններին. նրանք մտադիր են միայն հետևել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շփումների ընթացքին։

Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին հնարավոր էր համարել իր ներկայությունը բանակցություններին. այժմ նա գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ իր մերձավորարևելյան ուղևորության շրջանակներում։

CNN-ի աղբյուրը նշել է, որ Թրամփի հնարավոր այցը Ստամբուլ մեծապես կախված է նրանից՝ արդյոք այնտեղ կմեկնի ՌԴ նախագահը։ Թրամփի այցի հնարավորությունն, ըստ պաշտոնյայի, «մեծ ճնշում է դնում Պուտինի վրա»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ մեկնելու է Թուրքիա, և առաջարկել է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ 

Մայիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները: 

«Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 15-ին, Ստամբուլում՝ այնտեղ, որտեղ դրանք նախկինում անցկացվել են և որտեղ էլ ընդհատվել են», – ասել էր ՌԴ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում