ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այս շաբաթվա վերջում հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։
«Ես կխոսեմ նախագահ Սիի հետ հավանաբար շաբաթվա վերջում», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրերը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել էին, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115 տոկոսով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։
ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել էր, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145 տոկոս մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30 տոկոս։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115 տոկոսով, ինչի արդյունքում ամերիկյան ապրանքների համար կգործեն 10 տոկոս մաքսատուրքեր: