Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
2 րոպեի ընթերցում

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իր աղյբուրներին։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կիրառելու հատկանիշներով։
Ավելի վաղ, ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։
Ապրիլի 30-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանի թաղապետարանում, որի հետևանքով ձերբակալվել էր վեց անձ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում արձանագրվել էր նաև, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում Արթուր Չախոյանին։
Միջադեպի առիթը դարձել էր մանկապարտեզների վերանորոգման որակի վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումը։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը պնդում են, որ դրան հաջորդել են թաղապետի կողմից հնչեցված սպառնալիքներ և անհարգալից արտահայտություններ։