Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
2 րոպեի ընթերցում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կիրառելու հատկանիշներով։
Ավելի վաղ, ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։
Ապրիլի 30-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանի թաղապետարանում, որի հետևանքով ձերբակալվել էր վեց անձ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում արձանագրվել էր նաև, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում Արթուր Չախոյանին։
Միջադեպի առիթը դարձել էր մանկապարտեզների վերանորոգման որակի վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումը։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը պնդում են, որ դրան հաջորդել են թաղապետի կողմից հնչեցված սպառնալիքներ և անհարգալից արտահայտություններ։