Միացյալ Նահանգներ

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության՝ որոշ տարրերի «ճշգրտումից» հետո

2 րոպեի ընթերցում

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության՝ որոշ տարրերի «ճշգրտումից» հետո

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել, բայց ցանկանում է «ճշգրտել» այդ համաձայնագրի որոշ մանրամասներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովն ասել է ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, և ըստ իս՝ իրավացիորեն է կարծում, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Նախագահի հայտարարության մեջ հիշատակվում էր համաձայնության մասին, և մենք պատրաստ ենք համաձայնության գալ, բայց դեռևս կան որոշակի կետեր, այս համաձայնագրի տարրեր, որոնք պետք է ճշգրտվեն, և մենք զբաղված ենք այս գործընթացով», - ասել է Լավրովը Face the Nation հաղորդմանը տեսակապով տված հարցազրույցում։

Լավրովը չի նշել, թե որոնք են այդ «տարրերը»։

ՌԴ ԱԳ նախարարը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «Երկրի վրա միակ առաջնորդը», որը, ինչպես և Մոսկվան, կարծում է, որ պատերազմի պատճառը Ուկրաինայի մերձեցումն է ՆԱՏՕ-ի հետ։

«Մենք շարունակում ենք շփումներն ամերիկյան կողմի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կան մի քանի նշաններ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ նախևառաջ, որովհետև նախագահ Թրամփը, թերևս, Երկրի վրա միակ առաջնորդն է, որը գիտակցում է այս իրավիճակի արմատական ​​պատճառները հասցեագրելու  անհրաժեշտությունը, երբ նա ասաց, որ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը մեծ սխալ էր, և դա (խմբ.՝ ԱՄՆ նախկին նախագահ) Բայդենի վարչակազմի սխալն էր, և նա ցանկանում է այն շտկել», - ասել է Լավրովը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում