Հայաստան

Երևանի քաղաքապետը չի բացառում առանց կատալիզատոր մեքենաների արգելքը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը չի բացառում առանց կատալիզատոր մեքենաների արգելքը

Երևանի քաղաքապետարանը օդի աղտոտվածության նվազեցման նպատակով քննարկվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ առանց կատալիզատոր ավտոմեքենաների շահագործման արգելքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդիրներին և քաղաքապետարանի ծրագրերին։

«Օդի աղտոտվածության խնդիրը տասնամյակների խնդիր է։ Մենք սկսել ենք դրա շուրջ խոսել, քանի որ ունենք համապատասխան սարքավորումներ, որոնք ձմեռային ամիսներին ցույց են տալիս նորմայից էական շեղումներ։ Բայց սա միայն Երևանի խնդիրը չէ, ամբողջ Արարատյան տարածաշրջանում այդ ամիսներին նման պատկեր է արձանագրվում», – նշեց Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանը արդեն ունի օդի աղտոտվածության մեղմմանն ուղղված քառամյա ծրագիր, որի հիմնական գործիքը մշտադալար ծառերի տնկումն է, սակայն նաև նախատեսվում են այլ միջոցառումներ։

«Ծրագրում ներառված են միջոցառումներ, որոնք վերաբերում են առանց կատալիզատորների ավտոմեքենաների շահագործմանը, ինչպես նաև՝ աղտոտող գործարանների վրա վերահսկողության խստացմանը», – նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ապագայում հնարավոր է կատալիզատոր չունեցող ավտոմեքենաների արգելք, Ավինյանը պատասխանեց,

«Գիտեք, ես կարծում եմ՝ ինչ-որ փուլում սա նաև բխելու է Հայաստանի Հանրապետության պարտավորություններից, քանի որ մենք ևս անդամ ենք տարբեր միջազգային կանաչ նախաձեռնությունների։ Իրականում, մտածելով մեր առողջության մասին՝ մենք այդ սահմանափակումները մտցնելու ենք»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում