Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. ՔՊ-ն չի մասնակցում Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստին
2 րոպեի ընթերցում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը կարծում է, որ պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:
«Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:
Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:
Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:
Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:
Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է նա: