Մերձավոր Արևելք

ԵՄ-ն դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում և մտահոգված է Հորդանան գետի Արևմտյան ափի իրադրությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում և մտահոգված է Հորդանան գետի Արևմտյան ափի իրադրությամբ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը համերաշխություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին՝ կապված «Գազայի հատվածում մարդկանց զոհվելու և ավերածությունների» հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք դատապարտել ենք Գազայի հատվածի համար օգնության ամբողջական շրջափակումը: Իսրայելը պետք է ամբողջությամբ վերսկսի մարդասիրական օգնության առաքումը», - հայտարարել է Կալասն ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում կայացած մամուլի ասուլիսում ԵՄ-ի և Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) միջև պատմության մեջ առաջին բարձր մակարդակի երկխոսությունից հետո:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունը շատ անհանգստացած է Հորդանան գետի Արևմտյան ափին իրադրության վատթարացմամբ՝ տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանմամբ, ինչպես նաև նրանց համար առողջապահության և կրթության սահմանափակ հասանելիությամբ: 

Կալասը հավելել է, որ ԵՄ-ն կտրականապես դեմ է հանդես գալիս բնակավայրերի ստեղծման Իսրայելի քաղաքականությանը, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում և դրա շուրջ։

Նա կրկնել է Եվրամիության դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորման համար ռազմական ճանապարհ գոյություն չունի:

Ապրիլի 14-ին ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ-ի և ՊԱՎ-ի միջև առաջին երկխոսության կապակցությամբ առաջարկում է 1,6 միլիարդ եվրոյի բազմամյա համալիր աջակցության ծրագիր՝ Պաղեստինի վերակառուցմանը և կայունությանը օժանդակելու նպատակով: Ծրագիրը նախատեսված է 2025-ից մինչև 2027 թթ. ընկած ժամանակաշրջանի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում