Ալիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ քայլեր սկսել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալիևն այդ մասին ասել է Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ։
«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես Հայաստանի հետ բարեկամներ կդառնանք, դա իրատեսական չէ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելու համար դեռ շուտ է։ Սակայն մենք պատրաստ ենք սկսել ոչ մեծ քայլեր վստահության ձևավորման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ վերջերս կողմերի միջև վստահության ձևավորմանը միտված նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկներ Բաքուն ստացել է վրացի գործընկերներից։ «Մենք դրական պատասխան ենք տվել և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են ոչ մեծ քայլեր սկսվել»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին՝ նշելով, որ դրա ստորագրումից հետո որևէ խոչընդոտ չի լինի համագործակցություն սկսելու համար։
Միևնույն ժամանակ, նա շարունակել է կեղծ պնդումները՝ հայտարարելով, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով գնդակը հայկական կողմում է՝ այդ համատեքստում հիշեցնելով Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտության վերաբերյալ իր հայտարարությունները։