ՀՀ ՄԻՊ-ը կարևորում է ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի 8-րդ մրցանակաբաշխությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է;
«Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Թեև պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն, սակայն չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանն ընդգծել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդումներում ոլորտին առնչվող առանձին մեծ հատված է ներառվել, ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՄԻՊ առընթեր Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը։
Բացման խոսքով են հանդես եկել նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը: Լրագրողներ Շուշանե Սաքունցին, Քնար Խուդոյանին, Արմինե Գևորգյանին մրցանակներ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիեկե Մոնրոյ-Վինթերը:
Ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լուսաբանումը: