Գյումրիի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու ուժ հայտարարել են Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին
4 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ այս պահին ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և այնպես անի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չկարողանա Գյումրիում համայնքի ղեկավար ընտրել։
Թևանյանը հիշեցրել է՝ իրենք հայտարարել էին, որ հավակնում են առավելագույն ձայներին, որպեսզի կարողանան ստանձնել քաղաքի կառավարումը, սակայն նաև նշել էին, որ առանց որևէ պաշտոն ուզելու, կոալիցիոն բանակցությունների կամ աթոռակռվի սատարելու են այն ընդդիմադիր քաղաքական ուժին, որն ավելի շատ ձայներ կստանա։
Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ «Մայր Հայաստան»-ի ձայները բավարար չեն, որպեսզի կարողանան ՔՊ-ին իշխանությունից զրկել Գյումրիում, ուստի գնդակը ընդդիմադիր մյուս ուժերի ձեռքում է, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը։
«Մենք մյուս ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում մտնել երկխոսության մեջ, մենք պատրաստ ենք դառնալ միջնորդն ու երաշխավորն այն պայմանավորվածությունների, որ կարող են ձեռք բերվել»,- ասել է Թևանյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։ Ռուբեն Մխիթարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ընդդիմադիր մյուս ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Որպեսզի ընդդիմադիր ուժերը կարողանան Գյումրիում համայնքի ղեկավար ընտրել, անհրաժեշտ են լինելու նաև «Մեր քաղաքը» դաշինքի մանդատները։
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկության արդյունքներով առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան), որը հավաքել է 16 հազար 938 ձայն կամ ձայների 36,80 տոկոսը։ Երկրորդը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է՝ 9537 ձայնով կամ ձայների 20.71 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան)։ Երրորդը «Մեր քաղաք»-ը դաշինքն է՝ 7296 ձայնով կամ ձայների 15.85 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան)։ Քվեարկության արդյունքներով 4-րդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան), որը ստացել է 3659 ձայն կամ ձայների 7.94 տոկոսը։ 5-րդ հորիզոնականում «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 2844 ձայն կամ ձայների 6.18 տոկոսը (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան)։
Քվեարկության նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։
Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոսը։