Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության
2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը և վերահաստատել է տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը դեմ լինելու վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է։ Ես կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով ու առանց ուժի կիրառման»,-ընդգծել է Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը նաև ուրախությամբ արձանագրել է, որ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացում են ապրում։
«Մենք պայմանավորվել ենք, որպեսզի երկու երկրների հարաբերություններում լավագույնս օգտագործենք գոյություն ունեցող պոտենցիալը»,-շեշտել է Արաղչին։
Վերջինս նաև բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների միջև հարաբերությունների խորացումն, ինչպես նաև հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում երկկողմ գործընկերությունն ավելի կխորանա։
«Իրանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, և գտնում է, որ այն մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։