Բելգիայի դաշնային խորհրդարանում լսումներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ

3 րոպեի ընթերցում

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձևի նախագիծն ամիսներ առաջ առաջարկվել է դաշնային պատգամավորներ Քրիստոնեադեմոկրատական և ֆլամանդական կուսակցության ներկայացուցիչ Էլս Վան Հուֆի և Ռեֆորմիստական շարժում կուսակցության անդամ Միշել դը Մաեգդի կողմից։  

Բանաձևի նախագիծը ներկայացրած բելգիացի դաշնային պատգամավոր Էլս Վան Հուֆը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ շատ է կարևորում փաստը, որ Բելգիան աջակցի Հայաստանին՝ մի երկրի, որը կիսում է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի նույն արժեքները։ 

«Ես խորապես ցնցված էի Լաչինի միջանցքի շրջափակումից, Ադրբեջանի հետագա ագրեսիայից ընդդեմ Արցախի ժողովրդի և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունից՝ ընդդեմ Հայաստանի։ Բելգիան և Եվրոպան պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այն լիովին հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անկեղծորեն աշխատի կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը շարունակի խախտել միջազգային իրավունքը, անհրաժեշտ է, որ եվրոպական մակարդակում սահմանափակումներ կիրառվեն, և ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ վերանայվեն։ Սա է իմ բանաձևի կոչը», - ասել է Էլս Վան Հուֆը։

Միշել դե Մաեգդն էլ նշել է, որ անընդունելի է, որ հայ գերիները դեռևս անմարդկային պայմաններում պահվում են Բաքվի բանտերում։ Դաշնային պատգամավորը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործի։ 

«Մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը։ Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով ուժեղացնենք ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս հարցն այս շաբաթ կրկին քննարկել եմ արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ։ Խնդիրը հրատապ է։ Այս բանաձևի առաջարկը հենց այս նպատակին է ծառայում։ Այն հորդորում է կառավարությանը գործել և կիրառել իր լծակները։ Պահանջում է Ալիևի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ։ Ես կմնամ լիովին ներգրավված, ինչպես միշտ, և երբեք չեմ հրաժարվի այս պայքարից», - Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միշել դը Մաեդգը։

Բանաձևի առաջարկված նախագծի առանցքային կետերի թվում են արցախահայության անվտանգ վերադարձն ապահովելու հարցը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը դատապարտելը, տարածաշրջանում կայուն խաղաղության անհրաժեշտությունը, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման կոչը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու շատ այլ հարցեր։  

Հայերեն العربية English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ