Հայաստան

ԵՊԲՀ-ում քննարկվեց առողջության համար քաղաքային աղմուկի վտանգավորության խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ում քննարկվեց առողջության համար քաղաքային աղմուկի վտանգավորության խնդիրը

Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Աղմուկի բժշկասոցիալական նշանակությունը» թեմայով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ըստ հետազոտությունների` աշխարհի քաղաքներում ամեն տարի  շուրջ 0,5 դեցիբելով աղմուկն ավելանում է, ինչն ավելի  արդիական է դարձնում քննարկվող խնդիրը։

«Զարգացումները և այսօրվա իրականությունը վերաբերում են նաև ապագային, մեր երեխաներին, որոնք անզուսպ օգտագործում են սմարթֆոններ, ականջակալներ։ Մեզ համար այսօր շատ կարևոր է հասկանալ, թե աղմուկի ազդեցությունն ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մասնավորապես երեխաների հոգեկան առողջության, տարեցների սոմատիկ առողջության՝ զարկերակային ճնշման, սրտի աշխատանքի վրա։ Եվ, առհասարակ, սթրեսային իրավիճակներ նույնպես ձևավորվում են աղմուկի հետևանքով»,-ասաց Մուրադյանը։

Միջոցառմանը Մուրադյանն  անդրադարձ կատարեց բարձր աղմուկի  ազդեցությանն առողջության վրա։

Բանախոսն ընդգծեց, որ ըստ հետազոտական տվյալների, չափազանց բարձր, շարունակական աղմուկը կարող է հանգեցնել սթրեսի, քնի խանգարումների, սրտանոթային հիվանդությունների զարգացման։ 

Բացի այդ՝ բարձր ձայները հանգեցնում են լսողության կորստի կամ վատթարացման։

Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել ականջակալներով անցկացրած ժամանակը մինչև 60 րոպե։ Բարձրաձայն երաժշտությունը մեծացնում է լսողության կորստի վտանգը՝ կապված ականջակալների օգտագործման հետ։  

Մասնավորապես՝ 94-110 դեցիբելից բարձր հնչյունները կարող են անմիջապես վնաս պատճառել։

Հետազոտողների պնդմամբ՝ տարբեր աղբյուրներից բարձր ձայնի բազմակի ազդեցությունը մեծացնում է լսողության վնասման ռիսկը, իսկ 85 դեցիբելից բարձր ցանկացած ձայն ժամանակի ընթացքում կարող է մշտական վնաս հասցնել ներքին ականջի զգայուն բջիջներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում