Իրան

ՀՀ վարչապետը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային ավանդույթների վրա, խորհրդանշում է նոր սկիզբ և զարթոնք:

Մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում և օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցությունը:         

Թող այս տոնը Ձերդ վսեմությանը բերի քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ»:

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ և հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ Հայաստանի և Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություն­ներն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք պատրաստ ենք ընդլայնելու և  ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում