Երևան

Երևանի քաղաքապետարանն աշխատում է աղբի վերամշակման և աղբահանության էկոհամակարգ կառուցելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն աշխատում է աղբի վերամշակման և աղբահանության էկոհամակարգ կառուցելու ուղղությամբ

Մայրաքաղաքում քաղաքապետարանի ջանքերով 2024 թվականին աղբահանության բնագավառում աշխատանքներ իրականացվել են, սակայն հիմնական նպատակը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ աղբի վերամշակման և աղբահանության աշխատանքների էկոհամակարգ կառուցելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։

«Բնապահպանության վարչության հետ համագործակցությամբ նախապատրաստում ենք ներդրումային ծրագիր, որի շուրջ բանակցում ենք միջազգային դոնոր կառույցների հետ։ ՀՀ կառավարության հետ պետք է սկսենք մեր երկխոսությունը, որպեսզի մեր ծրագիրը  հավանություն ստանա և դրա համար ռեսուրսներ հատկացվեն»,-ասաց նա։

Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն էլ ընդգծեց, որ նպատակահարմար են գտնում ունենալ սանիտարական աղբավայր ոչ այն մեծ ծավալով, որը հիմա է գործում։ Նրա խոսքով՝ հիմնական շեշտը դնելու են բնապահպանական և ամբողջ աշխարհում այս պահին ընդունված  աղբի վերամշակման կայանի ներդրման վրա, որոնց հիմնական մասն աշխատում է աղբից էներգիա  ստանալու ուղղությամբ։ 

«Նախնական շուկան ուսումնասիրելու համար հայտարարել էինք հայտերի ընդունման մրցույթ, ստացել էինք 12 առաջարկ, որոնցից իրապես յոթն էին բավարարում մեր նախանշած պայմանները, բայց, քանի որ սա մասնավոր-համայնք համագործակցության մասին է և տևական աշխատանք է ենթադրում, ապա առաջնորդվելու ենք երկփուլ մրցույթի հայտարարմամբ, որտեղ նախատեսված և ապահոված կլինեն թե՛ ներդրողի, թե՛ պետական հատվածի՝  համայնքի բոլոր շահերը։ Առաջիկայում հանրությանը կներկայացնենք, թե ինչ փուլում ենք»,-եզրափակեց Հայկազյանը։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում