Տեսանյութ

7-ամյա Նարեկ Գլճյանը Գինեսի ռեկորդ է սահմանել

2 րոպեի ընթերցում

Նարեկ Գլճյանը 7 տարեկանում Գինեսի ռեկորդ է սահմանել։ Նա 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով (աջ) անընդմեջ վազել է՝ 183 անգամ մեկ րոպեում։ Պաշտոնական հավաստագիրն արդեն Հայաստանում է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Նարեկին հանձնվեցին հավաստագիրն ու մեդալը։ «Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը, որը նաև Նարեկ Գլճյանի մարզիչն է, նշեց, որ ամիսներ շարունակ կատարած հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանն ունի ևս մեկ Գինեսի ռեկորդակիր։ 

«Շատ ոգևորիչ է պատանիների, երիտասադրների հետ աշխատանքը։ Մեծ ձգտում կա նրանց մեջ։ Գինեսի՝ մինչ այս սահմանած ռեկորդներն ուսումնասիրում ենք, վարժություններ ենք առանձնացնում, մենք ենք նոր գաղափարներ առաջ քաշում ու երեխաների, երիտասարդների ներուժը հաշվի առնելով, ըստ դրա էլ սկսում ենք աշխատել»,-ասաց Ռոման Սահրադյանը։  

«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը նշեց, որ 7-ամյա Նարեկը Գինեսի գրքում Հայաստանից երբևէ գրանցված ռեկորադակիների ցանկում ամենափոքրն է։ Եվ առաջին անգամ է, որ Հայաստանից 7 տարեկան երեխա է Գինեսի ռեկորդ սահմանում։ 

«Գինեսի գրքում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է։ Եվ ասեմ, որ թերահավատ էինք, որ Նարեկի ռեկորդը կհաստատեն։ Շատ ուրախալի փաստ է մեր երկրի, մեզ համար, որ այսպիսի արդյունք ունենք։ Սա նաև վարակիչ է մյուս երեխաների համար։ Այսպիսի արդյունքներ տեսնելով, շատերը ձգտում են մարզվել, իրենք էլ որևէ  արդյունքով առանձնանալ»,-ասաց Վարդան Թովմասյանը։ 

Նարեկ Գլճյանը մեծ ուրախությամբ ընդունեց Գինեսի ռեկորդ սահմանելու իր հավաստագիրն ու մեդալը։ 

«Շատ ուրախ եմ այս կապակցությամբ։ Մեծ հաճույքով եմ պատրաստվել ու սպասում էի, որ անպայման իմ ունեցած արդյունքը կգրանցվի Գինեսի ռեկորդի գրքում»,-ասաց Նարեկ Գլճյան։ 

Հայաստանից մինչ այժմ Գինեսի գրքում գրանցվել է 87 ռեկորդ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում