ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը
2 րոպեի ընթերցում

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածվել է կազմակերպության պաշտոնական կայքում, որտեղ ընդգծվում է, որ երկու երկրները դեռ 2001 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորվել էին աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։
«Համաձայնագրի այս նախագիծը վկայում է այդ ներուժն իրացնելու և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու՝ երկու անդամ պետությունների ձգտման մասին։
Այժմ չափազանց կարևոր է պահպանել այդ թափը և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով, ինչպես նաև երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն։
Եվրոպայի խորհուրդը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և շարունակելու է տրամադրել իր աջակցությունն ու օգնությունը երկու անդամ պետություններին՝ մասնավորապես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության լիակատար հարգման ապահովման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։