Ռուսաստան

Պուտինը Սի Ծինփինին տեղեկացրել է ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

Պուտինը Սի Ծինփինին տեղեկացրել է ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի իր գործընկեր Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս տեղեկացրել է Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Վլադիմիր Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին։ Չինական կողմն աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսությանը, ինչպես նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն», - նշված է հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են երկու երկրների համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարցերը։ Բացի այդ, հաստատվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանին Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակով հանդիպումների գրաֆիկը։

Իր հերթին Xinhua գործակալությունը հաղորդում է, որ Սի Ծինփինն ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի փոխգործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չէ արտաքին ազդեցության։

Սի Ծինփինը նաև հավելել է, որ Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի ջանքերն ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։

Նախորդ անգամ պետությունների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել հունվարի վերջին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում