Թրամփն ու Մակրոնը քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա բանակցությունները
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան առաջիկա բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 17-ին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները քննարկել են պատերազմն Ուկրաինայում, վաղը (խմբ.՝ փետրվարի 18-ին) եվրոպական երկրների հանդիպումը և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թրամփի և Մակրոնի զրույցն «ընկերական» էր և տևել է շուրջ 30 րոպե։
Փետրվարի 17-ի երեկոյան Փարիզում հավաքվել էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարները։ Արտակարգ խորհրդակցությունները կազմակերպել էր Մակրոնը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունների ֆոնին։ Հանդիպմանը կոնկրետ որոշումներ չեն կայացվել։
Ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները պետք է սկսվեն փետրվարի 18-ին Էր Ռիադում։ Ամերիկյան կողմից դրանց կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ուշակովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությանը կարող է միանալ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։