Լավրովը և Ուշակովը մեկնել են Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպումը նվիրված կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վերականգնմանը։
«Այսօր նախագահ Պուտինի հանձնարարությամբ Էր Ռիադ են մեկնում արտաքին գործերի նախարար Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ակնկալվում է, որ փետրվարի 18-ին նրանք Էր Ռիադում հանդիպում կանցկացնեն իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, որն ամենից առաջ նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպումը նվիրված կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Բացի այդ, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները կքննարկեն երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների նախապատրաստման հարցերը։
ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ ղեկավարի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։