Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանձնակատարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին. Axios

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանձնակատարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին. Axios

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը, նվիրված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, տեղի կունենա փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իր երկու աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն նաև երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի  բանակցությունների նախապատրաստման հարցերը։

Այս հանդիպումն, ըստ հրապարակման, մեծ դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի կառավարությունում, քանի որ վերջինս մտահոգված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության կգան «Կիևի մեջքի հետևում»։ 

ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի ղեկավարի  հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։

Ինչպես հաղորդել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը չեն նախատեսում մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սաուդյան Արաբիայում կայանալիք խորհրդակցություններին։ 

«Հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վարչակազմի մոտեցումը հանգեցրել է ամերիկա-ուկրաինական հարաբերությունների լարվածության աճի»,- ընդգծում է հրատարակությունը։ 

Ինչպես նշում է WP-ն, հակամարտության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները տասնյակ միլիարդավոր դոլարի զենք է մատակարարել Ուկրաինային, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելուց հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող իրեն «անժամկետ  ռազմական պարտավորություններ» թույլ տալ Կիևի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում