Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացվեցին հրդեհաշիջման վարժանքներ

4 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարանում ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատն անցկացրեց վարժանք՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարանում» թեմայով: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ թանգարանի ընտրությունը պատահական չէ, քանի որ տվյալ հաստատությունն ունի ռազմավարական նշանակություն։  

«Մեզ նախապես տեղեկացրել էին միջոցառման մասին։ Այն կարևոր է մեզ համար՝ չնայած մեր անձնակազմը պարբերաբար ունենում է մարզումներ ու վերապատրաստումներ։ Այդուհանդերձ, հավելյալ պատրաստումը չի խանգարի։ Միջոցառումն առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է մեզ մոտ։ Անցյալ տարի վարժանքներն անցկացվեցին վարչական մասում, իսկ այս անգամ կազմակերպվեց հենց թանգարանում։ Հաշվի առնելով, որ մշտապես ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք, պետք է պատրաստ լինենք, որ բոլոր արտակարգ պատահարների դեպքում կարողանանք արագ և ճիշտ արձագանքել։ Մեր շենքում, բնականաբար, ունենք հրշեջ միջոցներ, տարբեր տեղերում տեղակայված կրակմարիչներ, կան տարհանման սխեմաներ բոլոր սենյակներում։ Մեր հսկիչները պատրաստ են գործել այդ սխեմաների համաձայն։ Մեզ մոտ գործում է նաև հակահրդեհային համակարգ»,- տեղեկացրեց Գզոյանը։  

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ Գարեգին Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ հատուկ տակտիկական վարժանքի նպատակն էր բարձրացնել հրշեջ-փրկարարների մարտական պատրաստվածությունը և ուսումնական պրոցեսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակազմին սովորեցնել արտակարգ իրավիճակների դեպքում արդյունավետ գործելու վարքականոնները։  

«Նման դեպքում պայմանական հրդեհի տարբերակով երկու մարտական հաշվարկ ներգրավվեց։ Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը թանգարանի աշխատակազմն իր ունեցած միջոցներով կազմակերպել էր հրդեհաշիջում։ Պայմանականորեն կային նաև տուժածներ։ Ժամանած հրշեջները կատարեցին բացազատում և հրդեհաշիջում, իրականացրին տարհանման աշխատանքներ, ինչպես նաև տուժածներին ցուցաբերեցին առաջին բուժօգնություն։ Այս ամենն իրականացվում է նախապես պլանավորված աշխատանքների շրջանակում։ 2024 թվականի ընթացքում արդեն հաստատվել էր հաջորդ տարվա ուսումնական վարժանքների աշխատանքային պլանը՝ մեկ շաբաթվա, մեկ ամսվա և մեկ տարվա կտրվածքով։ Ծրագրով արդեն իսկ ընտրվել են պետական, հանրային հիմնարկները, ուսումնական հաստատությունները և մասնավոր կազմակերպությունները»,- տեղեկացրեց Հակոբյանը։ 

Նա հավելեց, որ փրկարար ծառայությունն իրականացնում է նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ բուհերում, որպեսզի բոլորը տեղյակ լինեն արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու վարքականոններին, ծանոթ լինեն հրշեջ միջոցներին, կարողանան անհրաժեշտության դեպքում դրանք կիրառել, համապատասխան տեղեկատվություն փոխանցել 911 ծառայությանը, կազմակերպել նախնական տարհանման աշխատանքներ և առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածներին։     

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում