Հայաստան

Արդեն իրականցվել է ջրծաղիկի դեմ մոտ 400 պատվաստում. աշխատանքներն ըստ պլանավորածի կատարվում են

3 րոպեի ընթերցում

Արդեն իրականցվել է ջրծաղիկի դեմ մոտ 400 պատվաստում. աշխատանքներն ըստ պլանավորածի կատարվում են

Հայաստանում օրերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին ուղղված աշխատանքներն իրականացվում են ըստ պլանավորածի։ Արդեն հանրապետության ամբողջ տարածքում պատվաստվել է 400 երեխա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱՆ Հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  տնօրեն Ստեփան Աթոյանը։  

-Պարոն Աթոյան, ինչպե՞ս է ընթանում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը Երևանում և մարզերում։ 

-Ինչպես գիտեք, 2025թ հունվարի 31-ից մեկնարկել ենք ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը։ Հայաստանի բոլոր պատվաստում իրականացնող բուժհաստատությունները ապահովված են պատվաստանյութով և սահմանված կարգով իրականացնում են պատվաստումների պլանավորում։ Փետրվարի 6-ի դրությամբ ՀՀ ամբողջ տարածքում իրականցվել է ջրծաղիկի դեմ մոտ 400 պատվաստում։

-Ի՞նչ ջանքեր գործադրվեցին ջրծաղիկի դեմ պատվաստանյութը Պատվաստումների ազգային օրացույցում ներառելու և պատվաստանյութը Հայաստան ներկրելու գործում։

-ՀՀ-ում ջրծաղիկ հիվանդությունը հանրային առողջապահական հիմնախնդիր է, այս համատեքստում դեռևս 2022թ նախաձեռնվել է ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման գործընթաց։ Հիմք ընդունելով ջրծաղիկի դեմ պատվաստումների կիրառման միջազգային փորձը, պատվաստումների արդյունավետության և անվտանգության, ինչպես նաև ծախսարդյունավետության տվյալները՝ ՀՀ ԱՆ-ի կողմից առաջարկվել է ՀՀ կառավարությանը ջրծաղիկի դեմ պատվաստումները ներառել պատվաստումների ազգային օրացույցում։   

Դեռևս 2023թ նախաձեռնվել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի գնման գործընթաց և հայտարարվել է մի քանի մրցույթ, որոնց արդյունքում հաղթող ընկերություններ չէին ճանաչվել։ Վերջին մրցույթի հաղթող ճանաչված ընկերությունն իրականացրել է մատակարարումը 2024թ չորրորդ եռամսյակի ընթացքում, սակայն ներմուծման նպատակով փաստաթղթային փորձաքննության ներկայացված տվյալներում արձանագրվել են շեղումներ մատակարարման տեխնիկական պայմաններից, որի կապակցությամբ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կայացվել է եզրակացություն, որ մատակարարված պատվաստանյութի խմբաքանակը չի համապատասխանում որակի անհրաժեշտ պահանջներին և որոշում է կայացվել է չընդունել այն։ 

Սակայն, հաշվի առնելով սեղմ ժամկետներում ջրծաղիկի դեմ պատվաստանյութի մատակարարման և պատվաստումային գործընթացի մեկնարկի հրամայականը, զուգահեռ նախաձեռնվել է այլ խմբաքանակի գնման գործընթաց, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում պատվաստանյութի մատակարարումից հետո այն բաշխվել է, և մեկնարկել է պատվաստումային գործընթացը։ 

Բացի այդ պատվաստանյութի ձեռք բերմանը զուգահեռ իրականացվել են նաև փուլային դասընթացներ՝ իմունականխարգելման գործընթացում ընդգրկված և չընդգրկված բուժաշխատողների շրջանում, իրականացվել ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերի վերանայում, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցառումներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում