Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն անհրաժեշտ է գների կայունության ապահովման համար. ԿԲ նախագահ
5 րոպեի ընթերցում
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասուլիսի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը հիշեցրել է, որ ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75 տոկոս:
Նրա գնահատմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1.5 տոկոս: Ցածր մակարդակում է պահպանվել նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը կազմել է 1 տոկոս:
Անդրադառնալով իրավիճակը բնորոշող գործոններին՝ Մարտին Գալստյանը նշել է.
«2025 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Գործընկեր երկրներում գնաճը որոշակիորեն ընդլայնվել է, իսկ կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գների աճը դեռևս մնում է թիրախային մակարդակից զգալի բարձր:
Միջազգային ապրանքահումքային շուկաներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված հիմնականում միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: Միաժամանակ, գործընկեր երկրներում, հատկապես՝ ԱՄՆ-ում, աշխատաշուկայի պայմանները մնում են խիստ:
Այս պայմաններում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների աստիճանական, նախկին սպասումների համեմատությամբ ավելի դանդաղ, նվազեցումը՝ պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ»:
ԿԲ նախագահն արձանագրեց, որ 2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին: Տնտեսական ակտիվության աճին մեծապես նպաստել է ծառայությունների, շինարարության և առևտրի ճյուղերի բարձր աճը:
«Այն շարունակել է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ:
Մեծացել է անորոշությունը հարկաբյուջետային քաղաքականության պահանջարկի վրա հավանական ազդեցության ուղղության և չափի շուրջ: Աշխատաշուկայի պայմանները շարունակել են թուլանալ՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ»,- նշեց նա:
Մարտի Գալստյանը հավելեց, որ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:
«Մի կողմից, Խորհուրդը քննարկել է Ա տիպի սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրի հնարավոր ընդլայնման, ինչպես նաև երկարաժամկետ տոկոսադրույքների վերաբերյալ անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար:
Մյուս կողմից Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ, այդ թվում՝ կապված տնտեսական աճի աստիճանական դանդաղման, պահանջարկի թուլացման և ցածր գնաճային միջավայրի երկար պահպանման ռիսկերի հետ: Դա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- ընդգծեց ԿԲ նախագահը:
Արդյունքում, ինչպես նշեց Մարտին Գալստյանը, ԿԲ խորհուրդը, հավասարակշռելով վերոնշյալ երկու ուղղությամբ ռիսկերը, որոշել է շարունակել տոկոսադրույքների աստիճանական նվազեցումը դանդաղ տեմպերով: Նշվեց նաև, որ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 տոկոս նպատակի և գների կայունության ապահովման համար: