Վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 400 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իր զեկույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
Ըստ հաղորդագրության՝ ավելի քան 375 000 մարդ է անցել Գազայի հատվածի հարավից հյուսիս հունվարի 27-ին ափամերձ ճանապարհի և «Սալահ էդ Դին» ճանապարհի բացումից ի վեր։ Բացի այդ, ՄԱԿ-ի վարչությունը նշում է, որ հունվարի 28-ին Գազայի հատված է մտել 836 բեռնատար՝ հումանիտար օգնությամբ։
Իսրայելի բանակը պաղեստինցիներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հյուսիս այն բանից հետո, երբ հունվարի լույս 27-ի գիշերը հրեական պետության իշխանությունները հաստատում են ստացել, որ իսրայելցի կին պատանդներից Արբել Յեհուդը, որին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է գործարքի պայմաններին համապատասխան հունվարի 25-ին ազատ արձակեր պատանդների երկրորդ խմբի հետ, ողջ է: Սպասվում է, որ նա հայրենիք կվերադառնա հունվարի 30-ին՝ կին զինծառայող Ագամ Բերգերի և «ևս մեկ այլ առևանգվածի» հետ, որի անունն առայժմ չի հաղորդվում:
Հունվարի 15-ին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման և պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ։ Առաջին փուլի ընթացքում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 33 պատանդի՝ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Հունվարի 25-ին Գազայից հայրենիք է վերադարձել անկլավում պահվող չորս կին պատանդ, որոնք ժամկետային ծառայություն էին անցնում Իսրայելի բանակում։
Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալի. նրանցից 114-ը ժամանել է Հորդանան գետի արևմտյան ափ, 16-ը վերադարձել է Գազա, իսկ մնացած 70-ն արտաքսվել է Եգիպտոս, որտեղ նրանց դիմավորել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչները: