Հայաստանում խոսքի ազատության, ԶԼՄ-ների իրավունքների խախտումների առումով 2024 թվականը լարված տարի է եղել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած զեկույցի համաձայն՝ լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների ընդհանուր թիվը կազմել է 208, նախորդ՝ 2023 թվականի 200-ի դիմաց։ Դեպքերի աճի միտում նկատվում է տարբեր ուղղություններով՝ ֆիզիկական բռնություն, ճնշումներ լրագրողների, ԶԼՄ-ների նկատմամբ, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ցուցանիշների աճը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով։
«Նախորդ տարի լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության միջավայրը բնորոշվել է ալիքաձև զարգացումներով՝ պայմանավորված հասարակական-քաղաքական սրացումներով դրանց հաջորդող հարաբերական կայունությամբ։ Օրինակ, եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք չի գրանցվել, ապա 2-րդ եռամսյակում 14 դեպք է գրանցվել՝ 23 տուժածով։ Այդ կտրուկ աճը կապվում է քաղաքական ակցիաների հետ։ Ի դեպ, ֆիզիկական բռնության դեպքերի գերակշիռ մասը հենց ցույցերի ժամանակ է գրանցվել»,-ասաց Աշոտ Մելիքյանը։
Անհանգստացնող են ցուցանիշները տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտումների առնչությամբ։ Նախորդ տարվա ընթացքում 122 այդպիսի դեպք է գրանցվել։ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ պետական որոշ մարմիններ պատշաճ կերպով բաց չեն ԶԼՄ-ների հետ աշխատանքում, և ըստ լրագողների վկայությունների, փորձում են թաքցնել հատկապես այն տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է բացահայտել գործունեության թերությունները։
«Լրատվամիջոցին տեղեկատվություն տրամադրելու գործում շատ ժամանակ չի պահպանվում օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետը։ Լինում են դեպքեր, որ գործընթացն անհարկի ձգվում է։ Ասում են կպատասխանենք 30 օրվա ընթացքում, ու վերջում պատասխանում են թե այդ հարցադրումը մեր տիրույթում չէ կամ գաղտնիք է պարունակում։ Այսինքն՝ նման բան պարզելու համար, փաստորեն, 30 օր էր պետք»,-ասաց Աշոտ Մելիքյանը։
Տարվա ընթացքում կարևոր զարգացումներ են տեղի ունեցել լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող գլխավոր՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն արդիականացնելու ուղղությամբ։ Այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը մշակվել է լրագրողական կազմակերպությունների, այդ թվում՝ ԽԱՊԿ-ի, ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Freedom House միջազգային կազմակերպության գործակցությամբ, քննարկման առարկա դարձավ ապրիլի 29-ին կայացած խորհրդարանական լսումներին։ Օրենսդրական փոփոխություններն ու լրացումները կատարելագործելու նպատակով օրինագիծն ուղարկվել է փորձաքննության՝ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով։ Հոկտեմբերի 14-ին այդ կառույցը ներկայացրել է իր եզրակացությունը, տարեվերջի դրությամբ նախագիծը խմբագրվում է։ Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ օրենսդրական այս նախաձեռնությունը կնպաստի լրատվության ոլորտում մի շարք ուղղություններով իրավիճակի բարելավմանը։