Տնտեսություն

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ՍՊԸ-ների գործունեության ընթացակարգերում

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ՍՊԸ-ների գործունեության ընթացակարգերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում մի շարք օրենսդրական փոփոխությունները կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և կից օրենքներում՝ նպատակ ունենալով ավելի ճկուն և հարմարավետ դարձնել ՍՊԸ-ների ստեղծման և գործունեության ընթացակարգերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին ՍՊԸ-ների թվի և տնտեսական ազդեցության աճով։ 2023 թվականին Հայաստանում գրանցված ՍՊԸ-ների թիվը գերազանցել է 91,000-ը, իսկ դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը հասել է 485.3 միլիարդ դրամի։ 

Նախատեսվում է ՍՊԸ-ի հիմնադրման մասին պայմանագրի կնքման պարտադիր պահանջը դարձնել կամավոր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ներդրվում է անշարժ գույք։ 

Կանոնադրության մեջ ընկերության մասնակիցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներառելու պահանջը հանվում է։ Մասնակիցների փոփոխությունները կկատարվեն ռեեստրում։ Ներդրվում է մասնակիցների միջև համաձայնագրերի կնքման իրավական հիմք, ինչը թույլ կտա հստակեցնել բաժնեմասի տնօրինման և մասնակիցների միջև այլ հարցերի կարգավորումը։ Բաժնեմասի գրավադրման և բռնագանձման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն քաղաքացիական օրենսդրությանը՝ վերացնելով ավելորդ սահմանափակումները։

Ընկերության զուտ ակտիվների բացասական մնացորդի դեպքում լուծարման պարտադիր պահանջը կփոխարինվի գործունեությունը շարունակելու հնարավորությամբ՝ հիմնավոր գնահատականների առկայության դեպքում։

ՍՊԸ-ի մասնակիցներին կտրամադրվի առանց ժողով գումարելու որոշումներ կայացնելու իրավունք՝ բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։

Նոր կարգավորումները կհեշտացնեն գործադիր մարմնի լիազորությունների դադարեցման գործընթացը՝ ապահովելով միաժամանակ աշխատակցի իրավունքների պաշտպանություն։

Օրենսդրական փոփոխությունների ընդունումը կնպաստի ՍՊԸ-ների գործունեության կարգավորման պարզեցմանը, վարչարարական բեռի նվազմանը, գործարար միջավայրի բարելավմանը։

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի համագործակցությամբ՝ հաշվի առնելով մասնավոր հատվածի առաջարկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում