Մերձավոր Արևելք

Կատարն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագրի ամփոփիչ նախագիծը. Reuters

2 րոպեի ընթերցում

Կատարն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագրի ամփոփիչ նախագիծը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի սահմանման և արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի ամփոփիչ նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Նշվում է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակի մասնակցությամբ բանակցություններից հետո այս կեսգիշերից հետո գրանցվել է մեծ շրջադարձ։ 

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ հունվարի 12-ի երեկոյան Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին բանակցություններ է վարել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բառնեայի և Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթկոֆի հետ։

Ենթադրվում է, որ բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ հեռացող վարչակազմի պաշտոնյաները։  

«Առաջիկա 24 ժամն առանցքային կլինի համաձայնագրի հասնելու համար», - ասել է Reuters-ի աղբյուրը։ 

ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսն ավելի քան մեկ տարի աշխատել են Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների վրա, սակայն մինչև այժմ դրանք արդյունք չեն տվել։ 

Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը համարվում է վերջնաժամկետ համաձայնության հասնելու համար։ Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե մինչև իր երդմնակալությունը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներն ազատ չարձակվեն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում