Իսրայելի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ ստացված հետախուզական տվյալների հիման վրա լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» շիա շարժման մի շարք օբյեկտների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում։ 

«Հարվածների ենթարկված օբյեկտների թվում են հրթիռների արձակման հարթակ, ռազմական օբյեկտ, ինչպես նաև սիրիա-լիբանանյան սահմանի երկայնքով ձգվող երթուղիները, որոնք «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվում էին զենքի մաքսանենգության համար», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Իսրայելական կողմը նշել է, որ այդ օբյեկտներն սպառնայիք են ներկայացրել «իսրայելական թիկունքի և Իսրայելի պաշտպանության բանակի համար»։

«Հրադադարի համաձայնագրին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործել՝ կանխելու Իսրայել պետությանն սպառնացող ցանկացած վտանգ, և կկասեցնի «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից ուժերը վերականգնելու ցանկացած փորձ», - ընդգծել են ԻՊԲ-ում։

Այս հարվածների հետևանքների մասին լիբանանյան կողմից հաղորդագրություններ չեն ստացվել։

Իսրայելի զինվորականների և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։ Դրա համաձայն՝ իսրայելական բանակը պետք է փուլ առ փուլ դուրս գա լիբանանյան տարածքից, սակայն իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի մարտիկներին և օբյեկտներին, եթե որոշի, որ դրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։ Հրադադարի ուժի մտնելուց հետո մի շարք միջադեպեր են արձանագրվել, երբ իսրայելցի զինվորներն ու «Հեզբոլլահ»-ի մարտիկները հարվածներ են հասցրել միմյանց դիրքերին:

Հայերեն Русский